Պալատի հերթական ընդհանուր ժողով 25.05.2024թ.
2024թ․ մայիսի 25-ին գումարվեց Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը՝ բավական լայն ներկայացուցչական ընդգրկմամբ՝ մասնակցում էին Պալատի անդամները, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՀՎԽ նախագահ Արման Պողոսյանը և նախագահի տեղակալ Կարեն Ալավերդյանը, հանրային հատվածի և գործարար ոլորտի, բուհական համակարգի ներկայացուցիչներ։ Տարին ամփոփող ժողովը ամենամյա լինելով՝ լավագույն հարթակն է Պալատի գործունեության արդյունքները համատեղ քննարկելու, մտահոգող խնդիրները բարձրացնելու, լուծումներ առաջադրելու, ընդհանուրի ու յուրաքանչյուրի հաջողություններով ուրախանալու, մտորումներով կիսվելու առումներով։
Պալատի պատմության մեջ 2023-ը իրեն պատվիրակված գործառույթների շրջանակում առանձնացավ թվերը, փաստերն ու իրադարձությունները բնորոշող ցուցանիշներով, որոնք և՛ Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանի, և՛ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ Պալատի անդամների, և՛ հյուրերի խոսքում բնութագրվեցին «աննախադեպ» եզրույթով։
Ներկայացնելով «աննախադեպի» ընդգրկման տիրույթում ձեռքբերումներն հավաստող ավելի քան խոսուն թվեր, Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը շեշտադրեց որակավորման ծրագրի և քննությունների, շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների մասնակիցների ռեկորդային թիվը, Պալատի գործառույթները պատվով և հետևողականորեն իրականացնելու պատասխանատվության կարևորությունը։ Մասնավորապես ձեռքբերումների շարքում նշվեց, որ 2023թ․-ին իրականացված որակավորման քննական առարկաների դասընթացներին մասնակցել են 659 անձ, իսկ որակավորման քննություններին մասնակցել են 479 անձ: 2023թ. երկրորդ կիսամյակի դասընթացների ավարտից հետո 2024թ․ հունվարի 17-ից 25-ը տեղի ունեցան Պալատի որակավորման ծրագրի քննությունները, որոնք աննախադեպ էին դիմորդների մասնակցության քանակով․ Պալատի պատմության մեջ գրանցվեց ռեկորդային թիվ՝ 555 մասնակից։ Այնուհետև՝ 2024թ․ փետրվարին մեկնարկած առաջին կիսամյակի որակավորման ծրագրի դասընթացներին ևս գրանցվեց աննախադեպ ցուցանիշ՝ 429 մասնակից։ ՇՄԶ միջոցառումներին, որակավորման դասընթացներին, քննություններին, Խորհրդի ու հանձնաժողովների նիստերին, մասնագիտական քննարկումներին մասնակցած անձանց թիվը 2023թ․ կազմել է 18,600, իսկ միջին օրական ընդհանուր թվաքանակը՝ 74։ Ցուցիչներ, որոնք վկայում են նաև մասնագիտության նկատմամբ մասնակիցների վերաբերմունքի վերաիմաստավորման, մասնագիտության զարգացման գործում Պալատի դերակատարման և հեղինակության բարձրացման մասին:
Պալատի 2023թ. գործունեության հաշվետվության մեջ շեշտվեցին և առանձնացան պալատի գործունեության առավել նշանակալի դրվագները ևս․ 2023թ.-ին ավարտվել է Պալատի որակավորման ծրագրի դասագրքերի թարմացման աշխատանքների հիմնական մասը, իրականացվել է ACCA դասագրքերի հայերեն թարգմանությունը, աշխատանքներ են տարվել քննաթերթերի, շտեմարանների, դասախոսական անձնակազմի, լսարանային տեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ, շարունակվել են ֆունկցիոնալ նոր հնարավորություններով կայքի զարգացման աշխատանքները, բարելավվել են Պալատի անդամների էլեկտրոնային անհատական գրասենյակի ֆունկցիոնալ հնարավորությունները։
Միջազգային համագործակցության ուղղությամբ ամրագրված հաջողությունները Պալատի համար նշանավորել են նոր փուլ՝ հեղինակության ամրապնդման և ավելի խոստումնալից տեսլականի իրական հեռանկարով․ 2023թ․-ի փետրվարին Եվրասիական տնտեսական միության աուդիտորների խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ է ընտրվել Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ 2024թ․-ի փետրվարին Պալատի նախագահը ընտրվել է Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի նախագահ։
Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանի խոսքում կարևորվեցին առկա ձեռքբերումները կապիտալացնելուն, Պալատի անդամներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելուն ուղղված նոր համակարգեր ու ծրագրեր ստեղծելուն, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը և համալրմանը, ժամանակակից միտումներին արձագանքելու հրամայական անհրաժեշտությանը, Պալատ-բուհ համագործակցությանը վերաբերող հարցերը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Պալատի անդամներին շնորհավորելով ձեռք բերված փայլուն արդյունքների համար, բարձր գնահատեց Պալատի գործունեությունը պետության կողմից պատվիրակված գործառույթները լավագույնս իրականացնելու հարցում, կարևորեց այն փաստը, որ Նախարարություն-Պալատ կայացած համագործակցության արդյունքում միահամուռ ջանքերով և նույնական տեսակետների համադրմամբ լուծվում են առաջացող խնդիրները, սկիզբ է դրվում նոր նախաձեռնությունների։
Ժողովի ընթացքում պաշտոնապես հաստատվեցին հաշվետվությունները, ընդունվեց Պալատի նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Դա պաշտոնապես, իսկ պաշտոնական արձանագրումներին զուգահեռ, ծափահարությունների ներքո ամրագրվեց ամենակարևոր արձանագրումը՝ սա մի հսկայական պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի արդյունքն է։ Առջևում ապագային միտված նոր նախաձեռնություններ են, նոր ծրագրեր, նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ և դրանք կյանքի կոչելու պատրաստակամությունը, կամքն ու վճռականությունը։
Պալատի հերթական ընդհանուր ժողովի նկարները հասանելի են Պալատի caaa.am կայքում քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Պալատի հերթական ընդհանուր ժողով 25.05.2024թ.