Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Նկարագիր

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատն իրականացնում է Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ՝ ՀՄԴ) ստանդարտներին համապատասխան պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող կրթական ծրագիր, որը ներառում է համապատասխան դասընթացների իրականացում և քննությունների անցկացում՝ տարեկան նվազագույնը երկու քննաշրջանով։
Պալատի կողմից իրականացվող դասընթացները և քննությունները համապատասխանում են ՀՄԴ կրթական միջազգային ստանդարտներին (IES)։ Քննությունների ծրագիրը սահմանված է ՀՄԴ 2-րդ, 3-րդ և 4-րդ կրթական ստանդարտների հիման վրա։
ՀՄԴ կրթական ստանդարտները սահմանում են պրոֆեսիոնալ հաշվապահի ևաուդիտորի պատրաստման․ ներառյալ՝ կրթության մասնագիտական փորձի և շարունակական մասնագիտական զարգացման ապահովման համար անհրաժեշտ միջազգային պահանջները։

Որակավորման ծրագրի քննության արդյունքները ճանաչվում են ACCA-ի կողմից որպես ազատումներ վերջինիս համապատասխան քննություններից։

Ուսուցումն իրականացվում է որակավորման քննական առարկաների նորացված, ԿՄՍ-ներին համապատասխան դասագրքերով։

Որակավորումները տրվում են անժամկետ։

Դասընթացները վարում են հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտում մասնագիտական բարձր հեղինակություն ունեցող անձինք։ Նշված դասընթացների նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես բիզնես շրջանակները, այնպես էլ պետական մարմինները։
Պալատի որակավորման ծրագրում ներառված են հետևյալ առարկաները.

  1. Ֆինանսական հաշվառման հիմունքներ
  2. Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար
  3.  Իրավագիտության հիմունքներ
  4.  ՀՀ հարկային օրենսդրություն
  5.  Ֆինանսական կառավարում և վերահսկողություն
  6.  Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  7.  Աուդիտ և ներքին վերահսկողություն

Պալատի որակավորման ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, ինչպես նաև բարձրագույն կրթության և անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային փորձի առկայության դեպքում, մասնակիցներին տրվում են ՀՀ օրենսդրությանը և ՀՄԴ կրթական միջազգային ստանդարտներին (IES) համապատասխանող փորձագետ հաշվապահի և/կամ աուդիտորի որակավորումներ: Փորձագետ հաշվապահի որակավորման համար անհրաժեշտ է հանձնել առաջին 6, իսկ աուդիտորի որակավորման համար` ծրագրի բոլոր 7 առարկաների քննությունները։
Քննությունները համարվում են անցողիկ միավորներով հանձնված, եթե դիմորդը ստացել է տվյալ առարկայի համար սահմանված միավորների 50տոկոսը կամ ավելին։
Պալատի որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման քննությունների անցկացման կարգով։
Որակավորման քննությունների ծրագրով նախատեսված յուրաքանչյուր առարկայի նպատակը, բովանդակությունը և գնահատման մեթոդները սահմանված են Պալատի կայքի՝ տվյալ առարկան ներկայացնող համապատասխան բաժնում։