Ընդհանուր տեղեկություն
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ստեղծվել է 1997թ․-ին։
2005թ․-ից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) թղթակից անդամ, իրականացնում է ՀՄԴ կրթական միջազգային ստանդարտներին համապատասխան աուդիտորների և փորձագետ հաշվապահների որակավորման գործընթաց, սահմանում և վերահսկում է իր անդամների շարունակական մասնագիտական զարգացման պահանջները, ինչպես նաև իրականացնում է իր անդամ աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում:
2020թ․-ին Պալատը հավատարմագրվել է որպես մասնագիտացված կառույց և իրականացնում է ՀՀ-ում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման գործառույթներ։
2021թ․-ին Պալատի և ԱՊՀ ու ԵԱՏՄ երկրների մասնագիտացված կառույցների մասնակցությամբ ստեղծվեց Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խումբը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմինը։
Պալատի առաքելությունն է խրախուսել Հայաստանում գործող կազմակերպությունների ֆինանսական տեղեկատվության վստահելիությունը օգտագործողների, այդ թվում` նաև ներդրողների մոտ: Առաքելությունն իրագործելու նպատակով Պալատը ձգտում է կատարելագործել ՀՀ-ում գործող հաշվապահների և աուդիտորների մասնագիտական կարողությունները` որակավորման, շարունակական կրթության, համապարփակ մասնագիտական օժանդակության և որակի հսկողության, ինչպես նաև հաշվապահության և աուդիտի պատվիրատուների հետ մշտական փոխադարձ կապի միջոցով:
Պալատը 31.12.2023թ․ դրությամբ ունի 515 անդամ․ որից 31-ը՝ կազմակերպություններ, 225-ը՝աուդիտորներ և 259-ը՝ փորձագետ հաշվապահներ։
2023թ․-ին Պալատին անդամակցել են 89 անդամներ, որից 19-ը՝ աուդիտորներ և 67-ը՝ փորձագետ հաշվապահներ։
Պալատն իրականացնում է իր անդամ աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում, ինչպես նաև իր անդամ հանդիսացող փորձագետ հաշվապահի և աուդիտորական կազմակերպությունում չաշխատող աուդիտորի կողմից մասնագիտական օրենսդրության պահպանման, Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջների պահպանման արտաքին գնահատում: 2022թ․-ին Ասիական բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ ֆինանսների նախարարության պատվերով Անգլիայի և Ուելսի երդվյալ հաշվապահների ինստիտուտն իրականացրել է Արտաքին գնահատման ընթացակարգերի մշակման աշխատանքներ։
Պալատն իրականացնում է պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող կրթական ծրագիր, որը ներառում է համապատասխան դասընթացների իրականացում և քննությունների անցկացում՝ տարեկան նվազագույնը երկու քննաշրջանով։
Պալատի կողմից տրվող աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորումը բավարարում է ԿՄՍ-ների պահանջներին, ինչը հավաստվել է ՀՄԴ-ի կողմից և ՀՀ ֆինանսների նախարարության հավատարմագրմամբ։
Պալատի աուդիտորի և/կամ փորձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար ֆիզիկական անձինք պետք է հաջողությամբ հանձնեն որակավորման քննությունները, ունենան բարձրագույն կրթություն և անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային փորձ։ Որակավորումները տրվում են անժամկետ։
Պալատի որակավորման համակարգը հիմնված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (այսուհետ՝ ACCA) որակավորման համակարգի վրա։ Աուդիտորի որակավորման քննությունների ծրագիրը բաղկացած է 7 առարկաներից, իսկ փորձագետ հաշվապահինը՝ 6 առարկաներից:
2022թ․-ին իրականացված քննաշրջանների դասընթացներին մասնակցել են ընդամենը 756 անձ, քննություններին՝ 1019 անձ։ Վիճակագրությունը՝ այստեղ:
ՇՄԶ-ի նպատակն է տնտեսության տարբեր բնագավառներում Պալատի անդամից պահանջվող մասնագիտական աշխատանքի բարձր ստանդարտների ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների պարբերաբար նորացումը: Այն հնարավորություն կտա հանրությանը տրամադրել բավարար երաշխիքներ, որ Պալատի անդամը տիրապետում է հաշվապահական հաշվառման, հարկային, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, աուդիտի և մասնագիտությանն առնչվող ոլորտների վերաբերյալ մասնագիտական արդի գիտելիքներին:
Պալատի անդամ աուդիտորները և փորձագետ հաշվապահները պարտավոր են Պալատի անդամ դառնալու տարվան հաջորդող տարվանից սկսած անցնել ՇՄԶ: ՇՄԶ տևողությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից, իսկ յուրաքանչյուր երկու հաջորդական տարիների համար չպետք է պակաս լինի 80 ժամից։ ՇՄԶ պահանջների չպահպանման դեպքում, համաձայն ՀՀ օրենսդրության և ԿՄՍ-ների կարգավորումների, շնորհված որակավորումները չեղարկվում են։
Պալատը հետևում է կրթական, աուդիտորական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին։
Պալատն ապահովում է Որակավորման ծրագրի իրականացումը` համաձայն թարմացված ՀՄԴ կրթական միջազգային ստանդարտների, այդ թվում նաև՝ նախատեսում է հետագայում Որակավորման ծրագրում ներառել նոր քննական առարկաներ։
«Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աուդիտորական գործունեության և Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների թարգմանությունը և ընդունումը վերապահված չեն Մասնագիտացված կառույցին (Պալատին), սակայն Պալատը պատրաստակամ է մասնակցել աուդիտորական գործունեության և Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների թարգմանությանը և օժանդակել այդ ստանդարտների կիրառմանը, կարող է տրամադրել մեկնաբանություններ՝ աուդիտորական գործունեության և Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների նախագծերի և քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ: