Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Այսօր ուսանող, վաղը՝ որակավորված մասնագետ. Մասնագիտության կատարելագործման ճանապարհին

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ Պալատի նախագահ Մանվել Ղազարյանի և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանի հանդիպումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  հաշվապահական հաշվառում և աուդիտ  մասնագիտության ուղին ընտրած տարբեր կուրսերի մոտ 50 ուսանողների և որակավորման կրթական ծրագրի դժվարին փուլը պատվով հաղթահարած՝ աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած մասնագետների  հետ։ Սակայն այն միայն ավանդույթի ուժ ստացած որակավորման հավաստագրերի հանձնմանը նվիրված պաշտոնական միջոցառում չէր, կամ էլ համալսարանի հետ կնքված Բուհ-Պալատ համագործակցության հուշագրի շրջանակներում  կազմակերպվող  հերթական հանդիպում։

Այս անգամ նախաձեռնվել էր այլ՝ համատեղ ձևաչափով հանդիպում, որպեսզի ուսանողները շոշափելի ու իրական տեսնեն իրենց վաղվա օրը որպես ապագա որակավորված մասնագետների, ծանոթանան այն ուղուն, որը պետք է անպայման անցնել պրոֆեսիոնալ մասնագետ դառնալու ճանապարհին։

Այդ ուղին նրանց համար ուրվագծեց Պալատի նախագահը՝ մասնագիտության կատարելագործման ճանապարհին կարևորելով մասնագիտության ճիշտ ընտրությունը, դժվարությունները հաղթահարելու կամքն ու վճռականությունը, մշտապես կրթվելու, ոլորտի նորարարություններից անմասն չմնալու ցանկությունը, երկրին, տնտեսությանը, հանրությանը ազնվորեն ծառայելու պատրաստակամությունը։ Մ․ Ղազարյանը հավաստիացրեց, որ մասնագիտության զարգացման ճանապարհին Պալատը մշտապես կլինի նրանց կողքին։

Պալատի կողմից առաջադրվող հնարավորությունների շրջանակը ներկայացրեց գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը՝ նախ կարևորելով Պալատի դերը որպես հանրապետությունում պետության կողմից հավատարմագրված, որակավորում շնորհող  մասնագիտացված կառույցի, ապա  առաջադրվող ցանկում  ներառելով  միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման կրթական ծրագրով ուսուցման կազմակերպումը, ուսանողների ներգրավումը Պալատում կազմակերպվող տարբեր միջոցառումներին, բաց դասերին և սեմինարներին։

Ոչ ամբողջական այս ցանկը լրացվեց որակավորման վկայագրերի հանձնման արարողակարգին ուսանողների մասնակցությամբ։ 17՝ արդեն որակավորված մասնագետներ Պալատի նախագահի կողմից ստացան որակավորված հաշվապահի և աուդիտորի հավաստագրեր։ Ջերմ շնորհավորանքներին միացած ուսանողները՝ ապագա հաշվապահներն ու աուդիտորները, ոչ միայն շոշափելիորեն իրական տեսան իրենց վաղվա օրը, այլև զգացին պահի կարևորությունը, իրենց «տեսան» մոտ ապագայում ավագ ընկերների տեղում կանգնած։

ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպման նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/ Հանդիպում ՀՊՏՀուսանողների հետ

Որակավորման շնորհման նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/ Որակավորման շնորհում 28.10.2025