Որակավորման շնորհում 26.06.2026
Ս.թ. հունիսի 26-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած մասնագետների որակավորման վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը և որակավորում ստացած մասնագետները։
Ողջունելով մասնակիցներին՝ Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը շնորհավորեց նրանց որակավորման կրթական ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ՝ նշելով, որ որակավորման վկայականը իրենց մասնագիտական զարգացման կարևոր ձեռքբերումն է և միաժամանակ նոր պատասխանատու փուլի սկիզբը։ Նա ընդգծեց, որ որպես Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի ապագա անդամներ՝ նրանք իրենց կարևոր ներդրումը կունենան մասնագիտության զարգացման, հեղինակության բարձրացման և Պալատի առաքելության իրականացման գործում։
Թ. Մովսիսյանը կարևորեց նաև շարունակական մասնագիտական զարգացման նշանակությունը՝ նշելով, որ Պալատը շարունակելու է աջակցել իր անդամներին՝ կազմակերպելով վերապատրաստումներ, սեմինարներ և նոր ձևաչափով արտագնա ՇՄԶ դասընթացներ՝ արդիական թեմաներով և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Նա անդրադարձավ նաև Պալատի անդամ որակավորված մասնագետների համար օրենսդրությամբ նախատեսված մասնագիտական հնարավորություններին և արտոնություններին։
Հանդիսավոր պայմաններում Պալատի նախագահը որակավորման վկայականներ հանձնեց աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած 20 մասնագետների։
Մասնակիցներին շնորհավորանքի և հաջողության մաղթանքի խոսքեր ուղղեց նաև Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
Որակավորման շնորհման նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/ Որակավորման շնորհում 26.06.2026