Որակավորման շնորհում 07.05.2026
Ս/թ․ մայիսի 7-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված որակավորման կրթական ծրագրի դժվարին փուլը պատվով հաղթահարած և պահանջվող չափանիշներին համապատասխանության արդյունքում 29 աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած անձանց որակավորման վկայականների հանձնմանը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Պալատի նախագահ Մանվել Ղազարյանը, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, որակավորում ստացած մասնագետները։
Պալատի նախագահ Մանվել Ղազարյանը կարևորեց ոլորտը որակավորված մասնագետներով համալրելու, հանրությանը որակյալ, բարձրակարգ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը, վստահեցրեց, որ Որակավորման կրթական ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքները, նոր հմտություններն ու կարողությունները մասնագիտության ոլորտում անպայման կապահովեն առաջընթացի և հաջողության վաղվա երաշխիքները։
Ա․ Հարությունյանը վստահեցրեց, որ այդ ճանապարհը, որպես որակավորված մասնագետներ, նրանք կանցնեն նաև Պալատի անմիջական օժանդակությամբ՝ կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների, տարբեր քննարկումների, սեմինարների, կլոր սեղանների միջոցով։ Անդրադարձ կատարվեց նաև Պալատի անդամ որակավորված մասնագետների՝ դաշտում գործունեություն ծավալելու առումով օրենսդրորեն ամրագրված հնարավորություններին։
Որակավորված մասնագետներին մաղթանքի ջերմ խոսքեր ուղղեց նաև Հ․ Մնացականյանը։
Որակավորման շնորհման նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/ Որակավորման շնորհում 01.12.2025