Գիտելիքից դեպի մասնագիտություն․ Պալատը շնորհավորեց ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և հարկում» կրթական ծրագրի շրջանավարտներին
Ս.թ. հուլիսի 6-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում» կրթական ծրագրի բակալավրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։
Շրջանավարտներին շնորհավորելով՝ Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը նշեց, որ հաշվապահի մասնագիտությունն առանցքային նշանակություն ունի տնտեսության թափանցիկության, հաշվետվողականության և հանրային վստահության ապահովման գործում։ Նա նաև կարևորեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պալատի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ որակյալ կրթությունը, մասնագիտական որակավորումը և գործնական փորձը փոխլրացնող բաղադրիչներ են, որոնք զարգանում են համատեղ։
Իր խոսքում Պալատի նախագահը առանձնացրեց մասնագիտական հաջողության երեք հիմնասյուները՝ շարունակական ուսուցումը, մասնագիտական էթիկան, ինչպես նաև հասարակական պատասխանատվությունը՝ շեշտելով, որ հենց այս արժեքներն են ձևավորում վստահելի և պահանջված մասնագետի կերպարը։
Արարողության ընթացքում Պալատը խրախուսեց նաև կրթական ծրագրի երկու լավագույն ուսանողներին՝ նրանց շնորհելով 2026–2027 թվականների ընթացքում Պալատի որակավորման երկու դասընթացներին անվճար մասնակցության հավաստագրեր։
Ամփոփելով իր ելույթը՝ Թաթուլ Մովսիսյանը շրջանավարտներին մաղթեց մասնագիտական հաջողություններ և վստահություն հայտնեց, որ նրանցից շատերը շուտով կհամալրեն Պալատի մասնագիտական համայնքի շարքերը։
Շրջանավարտներին շնորհավորեցին նաև մասնագիտական համայնքի ներկայացուցիչները՝ «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» աուդիտորական կազմակերպության գլխավոր տնօրեն Վահագն Սահակյանը, «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» աուդիտորական կազմակերպության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը և «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» աուդիտորական կազմակերպության ավագ մենեջեր, հարկային և հաշվապահական ծրագրերի ղեկավար Ասանեթ Ալոյանը, ովքեր նույնպես հանձնեցին խրախուսական նվերներ։
Հանդիսավոր արարողության նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Գիտելիքից դեպի մասնագիտություն․ ՀՊՏՀ ավարտական դիպլոմների հանձնման արարողություն