Որակավորման դասընթացների վերաբերյալ
2024թ․ առաջին կիսամյակի Պալատի որակավորման ծրագրի դասընթացներին գրանցվել է աննախադեպ ցուցանիշ դիմորդների մասնակցության քանակով՝ գերազանցելով նախորդ տարիներին արձանագրված բոլոր ցուցանիշները։ Դասընթացների շուրջ 429 մասնակիցներ բարձր որակավորում ունեցող մասնագետների աջակցությամբ, էլեկտրոնային լսարաններում կհարստացնեն իրենց գիտելիքները, ձեռք կբերեն նոր հմտություններ ու կարողություններ՝ մասնագիտության ոլորտում ապահովելով առաջընթացի և հաջողության երաշխիքները։
Նման ցուցիչով պայմանավորված նախընտրությունը Ծրագրին վկայում է Պալատի քառորդդարյա պատմության՝ որդեգրած սկզբունքներին հավատարմության, Որակավորման ծրագրի՝ շարունակական կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանության անշեղ ընթացքի, ինչպես նաև մասնագիտության նկատմամբ մասնակիցների վերաբերմունքի վերաիմաստավորման, մասնագիտության զարգացման գործում Պալատի դերակատարման և հեղինակության բարձրացման մասին:
Ուսանողներից 36-ը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են, որոնց համար, Պալատի կողմից հայրենակիցներին աջակցելու հանձնառության շրջանակներում, դասընթացները և տրամադրվող մասնագիտական գրականությունը կլինեն անվճար։ Դասընթացների մասնակիցներին մաղթում ենք հաջողություններ պատասխանատու այս փուլերից յուրաքանչյուրը պատվով հաղթահարելու գործում և վստահեցնում, որ նրանց մասնագիտական հետաքրքրությունների բավարարումը պրոֆեսիոնալ առաջընթացի ճանապարհին մշտապես կլինի Պալատի ուշադրության կենտրոնում, կլինի շարունակական, կայուն և արդյունավետ։