Տեղեկատվություն Պալատի հերթական ընդհանուր ժողովի վերաբերյալ
2023 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը՝ բավականին լայն ներկայացուցչական կազմով և օրակարգային հարցերի ընդգրկուն շրջանակով։ Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ցուցադրվեց Պալատի 25-ամյա ուղուն նվիրված տեսահոլովակ՝ Հաշվապահների միությունից մինչև Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ անցած հաղթական ճանապարհին անդրադարձով և Պալատի կայացման ճանապարհին իրենց ներդրումը ունեցած նախագահների մտորումներով ու հուշերով։
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրեց Պալատի 2022 թվականի տարեկան գործունեության արդյունքները, հետագա զարգացման ուղիները, դրանց հասնելու ռազմավարությունն ու տակտիկան, որոնք ուղղված են պետության կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացմանը։ Նշեց, որ ներկայումս Պալատն Օրենքով հավատարմագրված միակ Մասնագիտացված կառույցն է, որին 2020 թվականից փոխանցվել են ոլորտում պետական կարգավորման մի շարք կարևոր գործառույթներ, մասնավորապես՝ աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումների շնորհում, ՇՄԶ պահանջների սահմանում և վերահսկում, աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի հսկողության և օրենքով սահմանված այլ պահանջների պահպանման արտաքին գնահատում և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառում, մասնագիտական հանրության ռեեստրի վարում: Պատվիրակված գործառույթների՝ պատասխանատու և հետևողական կիրառման արդյունքում նախանշված ծրագրերը հաջողությամբ իրականացվել են 2022թ-ին և շարունակում են նոր ձեռքբերումներ գրանցել նաև 2023-ին։
Ներդրվել և գործարկվում է Աուդիտորական կազմակերպությունների որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգը, հաստատվել և գործում է ՇՄԶ նոր կարգը, մշակվել է աուդիտորական փաստաթղթավորման մեթոդական ձեռնարկ (ուղեցույց) և Աուդիտի անցկացման ծրագրային ապահովման պրոտոտիպը՝ տեխնիկական ու մեթոդական շատ լայն հնարավորություններով, որը հետագայում հնարավորություն կտա մշակել աուդիտի իրականացման համակարգչային ծրագիրը և տեղայնացնել այն՝ աուդիտորական կազմակերպությունների կողմից օգտագործելու համար։ Նախատիպը ներկայացվել և անվճար տրամադրվել է Պալատի անդամներին։
Շարունակաբար իրականացվում և կյանքի են կոչվում համակարգային ներդրումներ և երկարաժամկետ նախագծեր որակավորման քննական բոլոր յոթ առարկաների դասագրքերի արդիականացման, քննությունների կազմակերպման, քննաթերթերի, շտեմարանների, դասախոսական անձնակազմի բարելավման, որակավորման բոլոր քննական առարկաների դասագրքերի թարգմանության, արդիականացման ուղղությամբ․ 2022թ․-ին իրականացվել է Որակավորման ծրագրի առարկաների դասագրքերի թարգմանության, արդիականացման կարևոր և խիստ անհրաժեշտ ծրագիրը։ Համաշխարհային բանկի STAREP ծրագրի ֆինանսական աջակցությամբ և BPP Learning Media Ltd-ի տրված լիցենզիոն իրավունքի հիման վրա իրականացվել է Որակավորման ծրագրի 5 առարկաների դասագրքերի թարգմանությունը։ Պալատի բյուջեով իրականացվել է նաև մյուս երկու դասագրքերի մշակումը։ Արդյունքում՝ 2023թ․-ին կլինեն Որակավորման ծրագրի քննական բոլոր յոթ առարկաների նոր դասագրքերը։ Պալատի հետևողական աշխատանքի արդյունքում ACCA-ը տրամադրել է Պալատի որակավորում ունեցող անձանց 8 առարկաների քննություններից ազատումներ՝ 2022-2026թթ համար։
Տեխնիկապես հագեցվել և բարելավվել են լսարանային պայմանները, գործարկվել է ֆունկցիոնալ լայն հնարավորություններով Պալատի նոր կայքը։ Ընդլայնվել է Պալատ-բուհ համագործակցության շրջանակը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումով
Ընդլայնվել է միջազգային համագործակցության շրջանակը․ 2022 թվականին Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից ստորագրվել է Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որով նախատեսվում է 2024թ․ հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում ձևավորել աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։ Այդ նպատակով ԵԱՏՄ բոլոր պետությունների մասնագիտացված կառույցների և պրոֆեսիոնալ կազմակերպությունների կողմից ստեղծվել է ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմինը, իսկ 2023թ․ փետրվարին այդ կառույցի նախագահության նախագահ ընտրվեց Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
Պալատը շարունակելու է խորացնել կապերը ՀՄԴ-ի հետ, այդ թվում՝ առցանց սեմինարներին ու տեղեկատվություններին Պալատի անդամների հասանելիությունը ապահովելու, միջազգային փորձի ու մասնագիտական ստանդարտների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու համար։
Ժողովը հաստատեց 2022 թվականի տարեկան գործունեության, 2022 թվականի գույքի օգտագործման, Խորհրդի և աշխատակազմի 2022 թվականի գործունեության, ինչպես նաև 2022 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Պալատի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը, Պալատի կառուցվածքում իրականացված փոփոխությունը։
Ժողովի վերաբերյալ նկարները հասանելի է Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/Պալատի հերթական ընդհանուր ժողով 03/06/2023: