Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի նախագահի հրաժեշտի խոսքը

Պալատի հարգելի անդամներ,

2025թ․ մայիսի 24-ին տեղի է ունենալու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի ընդհանուր ժողովը:

Այս կարևոր միջոցառման ընթացքում կամփոփենք անցած չորս տարիների արդյունքները և կնախանշենք Պալատի գործունեության առաջիկա չորս տարիների զարգացման հիմնական ուղղությունները։ Այդ ռազմավարական ուղենիշներով առաջ շարժվելու և նոր ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով միասին կձևավորենք Պալատի կառավարման մարմինները, կընտրվի Խորհրդի նոր կազմ ու նոր Նախագահ, որոնք կստանձնեն մեր համատեղ աշխատանքի ընթացքը շարունակելու առաքելությունը՝ ապահովելով կայուն զարգացում և շարունակականություն։

Պալատի գործող ղեկավարությունը ձևավորվել է 2021 թվականի մայիսին՝ մեր մասնագիտության համար բեկումնային շրջանում, երբ օրենսդրական փոփոխությունների արդյունքում Պալատին վստահվեցին պետական պատվիրակված գործառույթներ։ Հանրային վերահսկողության խորհրդի հետ սերտ համագործակցությամբ մենք միասին ձևավորեցինք մասնագիտացված կառույցի նոր ու արդյունավետ մոդել։

Այս հրաժեշտի խոսքում ցանկանում եմ վերապրել այն համատեղ ճանապարհը, որը միասին անցել ենք վերջին չորս տարիներին։ Հպարտությամբ կարող ենք ասել, որ Պալատի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները բազմապատկվել են՝ ապահովելով միջինում յոթ անգամ աճ։ Արձանագրել ենք նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ, որոնք ընդգրկել են մեր մասնագիտական համայնքի գործունեության բոլոր ուղղությունները։

Բայց, իհարկե, ամենանշանակալին ու խորհրդանշականը Պալատի սեփական, նոր և ժամանակակից տարածքի ձեռքբերումն է՝ որպես կայունության, հասունացած ինքնության և ապագայի հանդեպ մեր վստահության մարմնացում։

Այս բոլոր արդյունքները հնարավոր են դարձել Պալատի կառավարման մարմինների հետևողական աշխատանքի և Ձեր անմիջական մասնակցության ու նվիրման շնորհիվ։

Սա նաև երախտագիտության և գնահատանքի խոսք է՝ յուրաքանչյուրիդ անձնական ներդրման և միասնականության համար։

Մենք միասին շատ բան փոխեցինք։ Եվ ես խորապես շնորհակալ եմ Ձեզ այդ ամենի համար։ Տասնամյակներով կուտակված այս ժառանգությունը վստահությամբ ենք փոխանցում նոր ղեկավարությանը՝ բարձր պատասխանատվության զգացումով և Պալատի վաղվա օրվա նկատմամբ անսահման հավատով։

Վստահ եմ, որ մենք միշտ կմնանք նույն նպատակին հավատարիմ՝ ուժեղացնել մեր մասնագիտության դերը, ամրապնդել հանրային վստահությունը և շարունակել կառուցել ու արժևորել մեր համատեղ ձևավորած մասնագիտական համայնքը:

Հարգանքով՝

Թաթուլ Մովսիսյան

Պալատի նախագահ