Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հանդիպում ԲԴՕ Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանային ընկերության ղեկավարության հետ

Ս.թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը հանդիպեցին ԲԴՕ Կովկաս և Կենտրոնական Ասիա տարածաշրջանային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Զուրաբ Լալազաշվիլու և «ԲԴՕ Արմենիա» ՓԲԸ  կառավարիչ գործընկեր Վահագն Սահակյանի հետ։
Հանդիպման ընթացքում ԲԴՕ-ի ներկայացուցիչները ներկայացրին ԲԴՕ ցանցի տարածաշրջանային զարգացման գործընթացը, որը միասնական կառավարման ներքո միավորում է Հայաստանում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում գործող անդամ ֆիրմաները։ Ըստ նրանց՝ տարածաշրջանայնացումը կընդլայնի ներդրողների ներգրավման և կապիտալի շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Այն նաև կնպաստի մասնագիտական փորձի ու կուտակված գիտելիքի փոխանցմանը երկրների միջև, կմեծացնի խոշոր և բարդ առաջադրանքներ իրականացնելու կարողությունը և կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը։
Պալատի նախագահը ողջունեց հանդիպման նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց ԲԴՕ-ի տարածաշրջանային զարգացման գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար։ Նա կարևորեց աուդիտի և հաշվապահական ծառայությունների որակի շարունակական բարձրացմանն ուղղված բոլոր քայլերը։ Թաթուլ Մովսիսյանը նշեց, որ միջազգային և տարածաշրջանային փորձի համախմբումը կնպաստի մասնագիտական չափանիշների հետագա ամրապնդմանը։ Նա վստահություն հայտնեց, որ Պալատի և ԲԴՕ-ի համագործակցությունը օգտակար կլինի նաև Պալատի անդամների համար։ Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց ԲԴՕ-ի կուտակած փորձը որակի կառավարման և ապահովման ոլորտում պարբերաբար Պալատի անդամներին փոխանցել շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) միջոցառումների միջոցով։