Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հաշվապահների համաշխարհային կոնգրես (WCOA 2026). Պալատի նախագահի մասնագիտական անդրադարձը

ՀՄԴ-ի խորհրդի նիստի արդյունքները․ անդամակցության պարտավորությունների գնահատման համակարգի և միջազգային մասնագիտական կարգավորման զարգացումները

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ, «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Թաթուլ Մովսիսյանը շարունակում է մասնագիտական անդրադարձների շարքը՝ նվիրված 2026 թվականի նոյեմբերին Սեուլում անցկացված միջազգային մասնագիտական միջոցառումներին և դրանց նշանակությանը Հայաստանի հաշվապահական ու աուդիտորական մասնագիտությունների զարգացման համար։

2026 թվականի նոյեմբերի 20-ին՝ Հաշվապահների համաշխարհային կոնգրեսի (WCOA 2026) ավարտից հետո, Սեուլում կայացել է Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ, IFAC) խորհրդի նիստը՝ նոր նախագահի և խորհրդի նոր կազմի լիազորությունների շրջանակում։

Նիստի օրակարգում ընդգրկված էին անդամ կազմակերպությունների պարտավորությունների կատարման գնահատման համակարգի, միջազգային ստանդարտների մշակման նկատմամբ հանրային վերահսկողության և ՀՄԴ-ին անդամակցության ընդունման քաղաքականության արդիականացման հարցերը։

  1. ՀՄԴ-ի անդամ կազմակերպությունների պարտավորությունների կատարման գնահատման համակարգի արդիականացում

ՀՄԴ-ի խորհուրդը հավանություն է տվել անդամ կազմակերպությունների պարտավորությունների կատարման գնահատման համակարգի՝ SMO Compliance Program-ի զարգացման առաջարկվող ուղղությանը։

Նոր մոտեցմամբ նախատեսվում է կատարելագործել անդամ կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրման և թարմացման գործընթացները՝ ապահովելով տվյալների առավել օպերատիվ ստացում, հստակություն և պարտավորությունների կատարման առավել ամբողջական գնահատում։

Նոր համակարգի ներդրումը նախատեսվում է 2027 թվականին։ Ակնկալվում է, որ առաջին տարում այն անդամ կազմակերպություններից կպահանջի լրացուցիչ աշխատանք, սակայն հետագա տարիներին տեղեկատվության ներկայացման և թարմացման գործընթացը կդառնա ավելի պարզ և պակաս աշխատատար։

ՀՄԴ-ի անդամ կազմակերպությունների պարտավորությունները (Statements of Membership Obligations — SMOs) սահմանում են մասնագիտական կազմակերպությունների գործունեության նկատմամբ պահանջների շրջանակը՝ հաշվի առնելով նրանց իրավասությունները։ Դրանք ընդգրկում են մասնագիտական կրթությունը, միջազգային ստանդարտների կիրառման աջակցությունը, աուդիտի որակի ապահովումը, մասնագիտական էթիկան, կարգապահական համակարգերի զարգացումը և այլ ուղղություններ։

Այսպիսով, նախատեսվող փոփոխությունները վերաբերում են ոչ թե անդամակցության պարտավորությունների բովանդակության փոփոխությանը, այլ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և գնահատման մեխանիզմների կատարելագործմանը։

  1. Միջազգային ստանդարտների մշակման նկատմամբ հանրային վերահսկողության համակարգի զարգացում

ՀՄԴ-ի խորհրդի նիստում քննարկվել են միջազգային ստանդարտների մշակման համակարգին առնչվող երկու նախատեսվող հանրային խորհրդակցություններ։

Առաջինը վերաբերում է ՀՄԴ-ի և Հանրային վերահսկողության միջազգային խորհրդի (Public Interest Oversight Board — PIOB) միջև գործող փոխհարաբերությունների և կազմակերպական մեխանիզմների հնարավոր պարզեցմանը։ Համապատասխան հանրային խորհրդակցության մեկնարկը նախատեսվում է առաջիկա շաբաթներին։

Երկրորդը վերաբերում է PIOB-ի՝ ստանդարտների մշակման պատշաճ ընթացակարգերի ձեռնարկին (Due Process Handbook), որը սահմանում է միջազգային ստանդարտների մշակման գործընթացի թափանցիկության, հաշվետվողականության և հանրային շահի պաշտպանության ընթացակարգային շրջանակը։

Երկու նախաձեռնություններն էլ ուղղված են միջազգային ստանդարտների մշակման կառավարման և վերահսկողության մեխանիզմների հնարավոր կատարելագործմանը։

  1. ՀՄԴ-ին անդամակցության ընդունման քաղաքականության և ուղեցույցների արդիականացում

ՀՄԴ-ի խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել նաև անդամակցության ընդունման քաղաքականության և ուղեցույցների (Membership Admissions Policy and Guidelines) արդիականացման հարցերին։

Նախատեսվող փոփոխությունների բովանդակությունը և դրանց կիրառման հնարավոր ժամկետները դեռևս չեն ներկայացվել։

Այս հարցը հատկապես կարևոր է Պալատի և ՀՄԴ-ի ասոցիացված անդամի կարգավիճակ ունեցող այլ մասնագիտական կազմակերպությունների համար, որոնք ձգտում են ձեռք բերել լիիրավ անդամի կարգավիճակ։

Ի՞նչ նշանակություն ունեն այս զարգացումները Հայաստանի համար

Քննարկված հարցերից Պալատի համար առավել անմիջական նշանակություն ունեն անդամակցության պարտավորությունների կատարման գնահատման նոր համակարգի ներդրումը և անդամակցության ընդունման քաղաքականության հնարավոր փոփոխությունները։

Պալատի գործունեության հիմնական ուղղությունները՝ մասնագիտական կրթությունը, որակավորումը, շարունակական մասնագիտական զարգացումը, աուդիտի որակի արտաքին գնահատումը, միջազգային ստանդարտների կիրառման աջակցությունը և մասնագիտական կարգապահությունը, փոխկապակցված են ՀՄԴ-ի անդամակցության պարտավորությունների հետ։

Նոր գնահատման համակարգին նախապատրաստվելու նպատակով անհրաժեշտ է՝

  • Կատարելագործել անդամակցության պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և պարբերական թարմացման գործընթացները։
  • Ապահովել Պալատի գործունեության արդյունքների ամբողջական և համակարգված փաստաթղթավորումը։
  • Համապատասխան հաշվետվություններում արտացոլել մասնագիտական կրթության, աուդիտի որակի արտաքին գնահատման, կարգապահական և այլ համակարգերի զարգացման արդյունքները։
  • Ուսումնասիրել 2027 թվականին ներդրվող գնահատման համակարգի նոր պահանջներն ու ընթացակարգերը։

Պալատը, լինելով ՀՄԴ-ի ասոցիացված անդամ, աշխատանքներ է իրականացնում լիիրավ անդամակցության ուղղությամբ։ Ուստի անհրաժեշտ է հետևել անդամակցության ընդունման քաղաքականության նախատեսվող փոփոխություններին, գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը լիիրավ անդամակցության պահանջների վրա և համապատասխանաբար պլանավորել հետագա գործողությունները։

Միաժամանակ, Պալատի համար նպատակահարմար է հետևել միջազգային ստանդարտների մշակման նկատմամբ հանրային վերահսկողության վերաբերյալ նախատեսվող խորհրդակցություններին և անհրաժեշտության դեպքում ներկայացնել մասնագիտական դիտարկումներ։

Ամփոփում

ՀՄԴ-ի խորհրդի նիստում քննարկված նախաձեռնությունները վկայում են միջազգային մասնագիտական կարգավորման համակարգերի հետագա կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։

Պալատի համար այս զարգացումները կարևոր են ոչ միայն միջազգային պահանջներին համապատասխանությունն ապահովելու, այլև սեփական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու տեսանկյունից։

Առաջնահերթ խնդիրն է նախատեսվող փոփոխություններին նախապատրաստվել ժամանակին՝ դրանց պահանջները հաշվի առնելով Պալատի հետագա գործունեության պլանավորման և ՀՄԴ-ի լիիրավ անդամակցությանն ուղղված աշխատանքներում։