Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հանդիպում ՇՊՀ ուսանողների հետ

Ս/թ․ հոկտեմբերի 14-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ  հաշվապահների  պալատը հյուրընկալել էր Շիրակի պետական համալսարանի ուսանողներին  դասախոս Հրաչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Նպատակը աուդիտ և հաշվապահություն  մասնագիտություններին, դրանց ընձեռած հնարավորություններին, Պալատի կրթական ծրագրերին, որակավորման համակարգին  առավել հանգամանորեն ծանոթանալը և մասնագիտական կողմնորոշման հարցում քայլերի հստակեցումն էր:

Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը ներկայացրեց Պալատը որպես պետության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի, նրան փոխանցված գործառույթները, Պալատի կողմից մասնագիտության զարգացման, միջազգային համագործակցության շրջանակներում ձեռք բերված հաջողությունները, մասնագիտական գործունեության ծավալման շրջանակներն ու ոլորտները։ Հ. Մնացականյանը հանգամանորեն անդրադարձավ Պալատի որակավորման համակարգին և կրթական ծրագրին, ծանոթացրեց նրանում ընդգրկված առարկաներին, քննական ծրագրին, որակավորում շնորհելու չափանիշներին և պահանջներին։

«Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական և խորհրդատվական ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերությունը, երիտասարդ կադրերի ներգրավման, համալսարան-աշխատաշուկա կայուն կապ ապահովելու համար 2021թ․-ին ընկերության կողմից ստեղծված «Գրանթ Թորնթոն» ակադեմիան:

Հայկ Մնացականյանը նշեց, որ Պալատը պատրաստակամ է  հնարավոր բոլոր հարցերում աջակցել ուսանողներին մասնագիտության զարգացման և կատարելագործման նրանց ցանկության ճանապարհին։

Ստորև հանդիպման նկարադարանի հղումը.

https://caaa.am/gallery/handipvo%d6%82m-shph-vo%d6%82sanvoghnyeri-hyet/