Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հանդիպում ՀՄԴ ներկայացուցչի հետ

Ս․թ․հոկտեմբերի 14-21-ը Հայաստան էր այցելել Հաշվապահների միջազգային դաշնության անդամակցության պատասխանատու Տանյա Մուսումին։ Այցի շրջանակներում Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում ՀՄԴ ներկայացուցչի հետ տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ ներկայացուցչական բավականին լայն կազմով, օրակարգային հարցերի ընդգրկուն ծավալով և միջոցառումների հագեցած ծրագրով։

Ժամանակահատվածը ներառեց հանդիպումներ Պալատի նախագահ Մանվել Ղազարյանի, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանի, Պալատի խորհրդի անդամներ Թաթուլ Մովսիսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Էմիլ Վասիլյանի, Իրինա Գևորգյանի, Պալատի նախագահի տեղակալ, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի, Հանձնաժողովի անդամ Մագի Նարգիզյանի, Որակի պահանջների պահպանման և կարգապահական հանձնաժողովի նախագահ Դավիթ Եդիգարյանի, աուդիտորական կազմակերպությունների և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչների հետ։

Նպատակը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կարողությունների գնահատումն էր ՀՄԴ լիիրավ անդամակցության ճանապարհին։

Հանդիպումների և քննարկումների ընթացքում ներկայացվեցին ոլորտի զարգացումները,  մասնավորապես ՀՄԴ անդամակցությամբ Պալատի ստանձնած պարտավորությունների կատարման, մասնագիտական միջազգային ստանդարտների  թարգմանության և ընդունման, միջազգային կրթական ստանդարտներին համապատասխան որակավորման գործընթացի զարգացման ուղղությամբ կատարված քայլերը, առկա ձեռքբերումները, խնդիրներն ու ծրագրերը։

Այցի ընթացքում ՀՄԴ ներկայացուցիչը մասնակցեց նաև Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Կայուն զարգացման քաղաքականությանը նվիրված կոնֆերանսին: