Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հանդիպում աուդիտորական կազմակերպությունների հետ

Ս․թ․ նոյեմբերի 23-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում լայն ներկայացուցչական կազմով տեղի ունեցավ հանդիպում աուդիտորական հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ Էմիլ Վասիլյանը, Խորհրդի անդամներ, աուդիտորական կազմակերպությունների ղեկավարներ, աուդիտորներ։ Պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպելու և աուդիտորական կազմակերպություններին հուզող խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու առաջարկը հավանության էր արժանացել Պալատի հերթական՝ հունիսի 3-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովում։

Թաթուլ Մովսիսյանը լսարանին հանգամանալից պարզաբանումներ տվեց ոլորտում իրականացված փոփոխությունների, առկա խնդիրների, աուդիտորական կազմակերպությունների աշխատանքի բարելավմանը միտված նախաձեռնությունների մասին։ Այդ շրջանակում մասնավորապես շեշտադրվեցին Արտաքին գնահատման ընթացակարգում կատարված փոփոխությունները, գործընթացի արդի և հետագա փուլերը, Պալատի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի մշակման և ներդրման հարցը, Կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման կարգի հաստատման հետ կապված խնդիրները։ Քննարկման առարկա դարձավ նաև աուդիտորական կազմակերպությունների սեղանին դրված Պրոտոտիպի հենքի վրա Աուդիտի իրականացման (աուդիտի ողջ գործընթացի կազմակերպման և կառավարման համար նախատեսված) համակարգչային ծրագրի մշակման անհրաժեշտության հարցը։ Համաձայնեցվեց, որ անհրաժեշտության դեպքում աուդիտորական կազմակերպությունները հետադարձ արձագանքով կձևավորեն համապատասխան պահանջարկ նշված ծրագրի վերաբերյալ:

Աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ Էմիլ Վասիլյանը անդրադարձավ աուդիտորական կազմակերպություններին մտահոգող մեկ այլ հարցի՝ ստանդարտների թարգմանության խնդրին։ Նշվեց նաև, որ աուդիտորական հանրությունը հնարավորություն ունի մասնագիտական հարցերն ուղղելու անմիջականորեն Հանձնաժողովին:

Հետագա քննարկումները ծավալվեցին հարց ու պատասխանի ձևաչափով։

Միջոցառման նկարները հասանելի են կայքի նկարադարան բաժնում: