Աուդիտի անցկացման ծրագրային ապահովման նախատիպ
Ս/թ․ օգոստոսի 30-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապաների պալատում ընլայնված կազմով, Խորհրդի, Որակի ապահովման, Աուդիտի և Կարգապահական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը, որտեղ ներկայացվեց և բազմակողմ քննարկման առարկա դարձավ Աուդիտի անցկացման ծրագրային ապահովման պրոտոտիպը։
Այն ստեղծվել է Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ, խորհրդատու կազմակերպության՝ DSA ընկերության փորձագետների համագործակցության արդյունքում։
Աուդիտի անցկացման ծրագրային ապահովման պրոտոտիպը ներկայացրեցին խորհրդատու կազմակերպության՝ DSA ընկերության նախագահ Դավիթ Անանյանը և ընկերության ֆինանսական ծառայությունների տնօրեն Իրինա Անանյանը։
Դավիթ Անանյանը նշեց, որ ստեղծվել է գործիքակազմ, որն ամբողջության մեջ գերազանցում է իրենց նախնական պատկերացումները և ակնկալիքները։ Ստեղծվել է պրոտոտիպ՝ ծրագրային ապահովման դրսևորումներով, որն կարող է իր հնարավորություններով արդեն իսկ ծառայել աուդիտորներին իրենց գործունեության ընթացքում որպես մեթոդական ձեռնարկ։ Հետագայում պրոտոտիպը զարգացման, կատարելագործման արդյունքում կվերածվի ծրագրի։
Պրոտոտիպի տեխնիկական և մեթոդաբանական հնարավորությունները հանգամանորեն ներկայացրեց Իրինա Անանյանը, պատասխանեց մասնակիցների հարցերին։
Առաջիկայում կկազմակերպվեն սեմինար-քննարկումներ, ՇՄԶ-ներ, հանդիպումներ աուդիտորական կազմակերպությունների հետ՝ գործիքակազմը առավել հանգամանորեն ներկայացնելու, նրա հնարավորությունները աուդիտորների համար ամբողջությամբ բացահայտելու նպատակով։