Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահը մասնակցում է Հաշվապահների համաշխարհային կոնգրեսին՝ Սեուլում
2026թ. նոյեմբերի 17–19-ը Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում անցկացվում է Հաշվապահների համաշխարհային կոնգրեսը (World Congress of Accountants — WCOA 2026), որին մասնակցում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։
«Միասին՝ հանուն փոխկապակցված ապագայի» (Together for a Connected Tomorrow) խորագրով Կոնգրեսը համախմբում է աշխարհի տարբեր երկրների մասնագիտական կազմակերպությունների, գործարար շրջանակների և ֆինանսական հաստատությունների շուրջ 700 պատվիրակի։
Առաջին օրվա առանցքային ուղերձները. վստահություն, դիմակայունություն և մասնագիտական պատասխանատվություն
Կոնգրեսի առաջին օրվա քննարկումների առանցքում էին համաշխարհային տնտեսության մրցունակությունն ու դիմակայունությունը, անորոշության պայմաններում առաջնորդությունը, ֆինանսական կայունությունը և հաշվապահական մասնագիտության դերը հանրային վստահության ամրապնդման գործում։
Բացման ելույթում KICPA-ի նախագահ Վուն Յուլ Չոյը, անդրադառնալով Հարավային Կորեայի տնտեսական զարգացման փորձին, ընդգծել է, որ տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմաններից մեկը վստահելի ֆինանսական տեղեկատվությունն է։
Նրա ուղերձի հիմնական միտքն այն էր, որ տեղեկատվության տարածման արագության աճին զուգահեռ ավելի է մեծանում վստահելի տեղեկատվության արժեքը, իսկ հաշվապահական մասնագիտությունը պետք է շարունակի մնալ այդ վստահության երաշխավորներից մեկը։
ՀՄԴ նախագահ Ժան Բուկոն իր բացման խոսքում կարևորել է մասնագիտական հանրության պատրաստակամությունը՝ ոչ միայն քննարկելու փոփոխությունները, այլև տարբեր երկրների փորձից սովորելու, արդյունավետ լուծումներ փոխանակելու և համատեղ արձագանքելու նոր մարտահրավերներին։
Առաջին օրվա քննարկումներից առանձնանում են հետևյալ մասնագիտական ուղերձները.
- Տնտեսական դիմակայունություն. Աշխարհաքաղաքական անորոշության և տեխնոլոգիական արագ փոփոխությունների պայմաններում տնտեսությունների մրցունակությունը կախված է նաև վստահելի ինստիտուտներից և որակյալ ֆինանսական տեղեկատվությունից։
- Մասնագիտական դատողություն և առաջնորդություն. Փոփոխվող միջավայրում մասնագիտական կազմակերպություններն ու նրանց ղեկավարները պետք է կարողանան որոշումներ կայացնել նույնիսկ այն իրավիճակներում, երբ նախկինում կիրառված մոտեցումներն այլևս բավարար չեն։
- Ֆինանսական կայունություն. Ֆինանսական շուկաների նկատմամբ վստահությունը պահանջում է արդյունավետ վերահսկողություն, ամուր ինստիտուտներ և միջազգային համագործակցություն։
- Մասնագիտության ապագա. Հաշվապահական մասնագիտության զարգացումը ենթադրում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների յուրացում, այլև մասնագիտական էթիկայի, անկախության և հանրային շահին ծառայելու սկզբունքների պահպանում։
Կոնգրեսի առաջին օրվա ծրագրում մրցունակ և դիմակայուն տնտեսությունների ձևավորման հարցերին անդրադարձել է Samsung Electronics-ի տնօրենների խորհրդի նախագահ Շին Ջե Յունը։
«Առաջնորդություն՝ առանց պատրաստի ուղեցույցի» քննարկմանը մասնակցել են ICAEW-ի, Հոնկոնգի Accounting and Financial Reporting Council-ի և Deloitte-ի ներկայացուցիչները՝ ՀՄԴ գլխավոր գործադիր տնօրեն Լի Ուայթի համակարգմամբ։
Ֆինանսական կայունության ապագային նվիրված քննարկմանը մասնակցել է Նիդեռլանդների կենտրոնական բանկի գործադիր խորհրդի անդամ և վերահսկողության ղեկավար Սթիվեն Մայորը (Steven Maijoor), որը 2027 թվականի հունվարի 1-ից ստանձնելու է ՖՀՄՍ հիմնադրամի (IFRS Foundation) հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական համակարգերի դիմակայունության, ֆինանսական շուկաների նկատմամբ վստահության ամրապնդման և միջազգային համագործակցության կարևորությանը՝ համաշխարհային տնտեսության աճող փոխկապակցվածության պայմաններում։
ՀՄԴ-ն ընտրել է նոր նախագահ
Նոյեմբերի 17-ին Սեուլում անցկացված ՀՄԴ խորհրդի հիբրիդային նիստում հաստատվել են Դաշնության ղեկավար կազմի նոր նշանակումները։
ՀՄԴ նոր նախագահ է ընտրվել Թարին Ռուլթոնը (Taryn Rulton)՝ երկու տարի պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2028 թվականի նոյեմբերը։
Նա 2024 թվականից զբաղեցրել է ՀՄԴ փոխնախագահի պաշտոնը և ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձ՝ կորպորատիվ կառավարման, ֆինանսների, ստանդարտների մշակման և այլ ոլորտներում։
ՀՄԴ փոխնախագահ է ընտրվել Քեթրին Բայրնը (Kathryn Byrne)՝ Forvis Mazars LLP-ի գործընկեր, որն ունի կորպորատիվ կառավարման և միջազգային մասնագիտական համագործակցության հարուստ փորձ։
Նոր ղեկավարության ընտրությունը տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ համաշխարհային հաշվապահական մասնագիտությունը բախվում է տեխնոլոգիական վերափոխման, մասնագիտական կարողությունների արդիականացման և հանրային վստահության պահպանման նոր պահանջներին։
Պալատի միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված հանդիպումներ
Կոնգրեսի շրջանակում Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է ունեցել Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) գլխավոր գործադիր տնօրեն Լի Ուայթի, ինչպես նաև ՀՄԴ-ի և տարբեր երկրների մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Պալատի՝ ՀՄԴ-ին լիիրավ անդամակցության հեռանկարները, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև Պալատի ինստիտուցիոնալ զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև աուդիտի որակի ապահովման, մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման, մասնագիտական կազմակերպությունների կառավարման ոլորտներում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և Հայաստանում դրա կիրառման հնարավորություններին։
Միջազգային քննարկումների նշանակությունը Հայաստանի մասնագիտական հանրության համար
Հաշվապահների համաշխարհային կոնգրեսը կարևոր հարթակ է միջազգային մասնագիտական զարգացումներին անմիջականորեն ծանոթանալու, տարբեր երկրների փորձը համադրելու և Հայաստանի մասնագիտական համայնքի համար արդիական ուղղությունները գնահատելու տեսանկյունից։
Առաջին օրվա քննարկումները ևս մեկ անգամ ընդգծում են, որ աուդիտորների և հաշվապահների դերն այլևս չի սահմանափակվում ֆինանսական տեղեկատվության պատրաստմամբ և հավաստիության ապահովմամբ։ Մասնագիտությունն էական նշանակություն ունի նաև կազմակերպությունների կառավարման որակի, տնտեսական կայունության և հանրային վստահության ամրապնդման համար։
Հայաստանի մասնագիտական հանրության համար առանձնապես կարևոր են մասնագիտական կրթության շարունակական արդիականացումը, տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելը, մասնագիտական էթիկայի և որակի ապահովման համակարգերի զարգացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության խորացումը։
Կոնգրեսի առաջիկա քննարկումները
Նոյեմբերի 18–19-ի ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու արհեստական բանականությանն ու թվային վերափոխմանը, մասնագիտական կազմակերպությունների ապագային, նոր սերնդի մասնագետների պատրաստմանը, միջազգային ստանդարտների մշակմանը և ֆինանսական համակարգի դիմակայունությանը։