ՇՄԶ ՍԵՄԻՆԱՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ․ ՈԼՈՐՏԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը սեպտեմբերի 11-13-ը «Best Resort Aghveran»-ում կազմակերպել էր Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) արտագնա եռօրյա սեմինար։
Սեմինարի ձևաչափը հնարավորություն ընձեռեց մեկ հարթակում համախմբել պետական մարմինների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչների, Հայաստանի և միջազգային մասնագիտական կազմակերպությունների առաջատար մասնագետների։ Մոտ 100 մասնակից Աղվերանի գեղատեսիլ բնության պայմաններում համատեղեցին մասնագիտական զարգացումն ու արդյունավետ հաղորդակցությունը՝ ծանոթանալով ոլորտի վերջին զարգացումներին, քննարկելով արդիական խնդիրները, փոխանակելով փորձն ու տեսակետները և հարստացնելով մասնագիտական գիտելիքները։
Սեմինարի հյուրերի և բանախոսների թվում էին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահ Արման Պողոսյանը, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ, ՀՎԽ նախագահի տեղակալ Կարեն Ալավերդյանը, Պալատի նախագահի տեղակալ Արթուր Հարությունյանը, Պալատի խորհրդի անդամ, ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը, ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ, Պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արթուր Հակոբյանը, KPMG Մերձավոր Արևելքի մասնագիտական պրակտիկայի դեպարտամենտի ղեկավար Արամ Ասատրյանը, Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ Ավետիք Մովսիսյանը, «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» ՍՊԸ հարկային ծառայության ղեկավար Ասանեթ Ալոյանը, «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ գործընկեր, խորհրդատվական ծառայությունների ղեկավար Արսեն Նազարյանը և «Լումիվերս» ՓԲԸ ավտոմատացման ինժեներ և AI ուսուցիչ Արտակ Գրիգորյանը։
Սեմինարի աշխատանքներն ընթացան մասնագիտական արդիական և հրատապ թեմաների շուրջ ակտիվ քննարկումների, մասնակիցներին հետաքրքրող հարցերի լուսաբանման, փորձի ու տեսակետների փոխանակման, առաջարկությունների ներկայացման և վերլուծությունների հագեցած աշխատանքային մթնոլորտում։
Սեմինարի առաջին աշխատանքային օրը մեկնարկեց «Ժամանակակից հարկային վարչարարություն՝ թվայնացումից դեպի հարկային կարգապահություն» թեմայով պանելային քննարկմամբ, որի շրջանակում ներկայացվեցին հարկային վարչարարության արդի միտումները, թվայնացման հնարավորությունները և հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված մոտեցումները։
Սեմինարի երկրորդ օրն առավել հագեցած էր թե՛ բանախոսների մասնակցության թվով, և թե՛ արծարծվող թեմաների քանակով, բազմազանությամբ և ընդգրկման շրջանակով։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Ամբողջական ՖՀՄՍ-ների և ՓՄԿ ՖՀՄՍ-ի փոփոխություններին և նորություններին», «ԱԱՀ վերջին փոփոխություններին», «ՖՀՄՍ 18․ գործնական կիրառության հարցերին», «Շահութահարկի փոփոխություններին», ինչպես նաև «Կայունության հաշվետվությունների և բնապահպանական, սոցիալական և կառավարման հարցերի ներածություն, COP17 միջոցառում» և «Արհեստական բանականությունը ֆինանսական տվյալների վերլուծության մեջ» թեմաներին։
Օրվա աշխատանքներն ամփոփվեցին «Հարկային կարգապահություն, հաշվապահական ու հարկային արդիական հարցեր» թեմայով պանելային քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և անմիջականորեն քննարկելու ոլորտի արդիական խնդիրները։
Արտագնա սեմինարի երրորդ՝ եզրափակիչ օրը, Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ Ավետիք Մովսիսյանը ներկայացրեց «Կազմակերպությունների հաշվային պլանի» փոփոխությունները՝ անդրադառնալով դրանց հիմնական դրույթներին և կիրառական նշանակությանը։
Մասնագիտական հագեցած օրերին զուգահեռ սեմինարի մասնակիցների համար ապահովված էր նաև ջերմ և ընկերական միջավայր։ Ոչ պաշտոնական հանդիպումները, հավաքույթներն ու անմիջական շփումները նպաստեցին գործընկերային կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և մասնագիտական համայնքի ներսում հաղորդակցության ընդլայնմանը։
Ամփոփելով արտագնա եռօրյա սեմինարի արդյունքները՝ կազմակերպիչներն ու մասնակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ միջոցառումը արդյունավետ և նպատակային էր՝ թե՛ քննարկված թեմաների կարևորության ու արդիականության, թե՛ ներգրավված մասնագետների բարձր մակարդակի և կազմակերպչական պատշաճ մոտեցման տեսանկյունից։
Պալատը նախատեսում է ՇՄԶ նման ձևաչափով միջոցառումները դարձնել շարունակական՝ դրանք համալրելով ոլորտի մասնագետների համար առավել արդիական և գործնական նշանակություն ունեցող թեմաներով։
Միջոցառման լուսանկարները հասանելի են հետևյալ հղմամբ՝ Պալատ/ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան