Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հաշվապահների համաշխարհային կոնգրես․ օր 2 — Արհեստական բանականությունը և մասնագիտության ապագան

2026թ. նոյեմբերի 18-ին Սեուլում շարունակվել է Հաշվապահների համաշխարհային կոնգրեսը (WCOA 2026), որին մասնակցում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Կոնգրեսի երկրորդ օրվա քննարկումների առանցքում էին արհեստական բանականության ազդեցությունը հաշվապահական մասնագիտության վրա, թվային վերափոխումը, նոր սերնդի մասնագետների ներգրավումը և միջազգային ստանդարտների զարգացման հեռանկարները։

Արհեստական բանականություն. մասնագիտության նոր հնարավորություններն ու մարտահրավերները

«Rise2040. Մարդու առաջնորդությամբ, արհեստական բանականության աջակցությամբ՝ ապագային պատրաստ մասնագիտություն» խորագրով հիմնական ելույթով հանդես է եկել AICPA & CIMA-ի գործադիր փոխնախագահ Թոմ Հուդը (Tom Hood)։

Նա անդրադարձել է արհեստական բանականության, տեխնոլոգիական փոփոխությունների, մասնագիտական հմտությունների և վստահության ազդեցությանը հաշվապահական մասնագիտության ապագայի վրա։

Ելույթի հիմնական ուղերձներից մեկն այն էր, որ մասնագիտության համար իրական սպառնալիքը ոչ թե արհեստական բանականությունն է, այլ փոփոխությունների նկատմամբ պասիվությունը։ Ընդգծվել է նոր տեխնոլոգիաների արագ յուրացման անհրաժեշտությունը՝ միաժամանակ պահպանելով մարդկային մասնագիտական դատողության և պատասխանատվության առանցքային դերը։

Օրվա մյուս քննարկումներում անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կազմակերպությունների թվային վերափոխմանը և արհեստական բանականության կիրառման հնարավորություններին։

Նոր սերնդի մասնագետների ներգրավում

Առանձին քննարկում է նվիրվել երիտասարդ մասնագետների ներգրավման և մասնագիտության մեջ նրանց պահպանման խնդիրներին։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ մասնագիտական կազմակերպությունները և գործատուները պետք է հաշվի առնեն երիտասարդ սերնդի փոփոխվող ակնկալիքները, ներկայացնեն մասնագիտության զարգացման հեռանկարները և երիտասարդներին ավելի լայն հնարավորություններ ընձեռեն մասնակցելու մասնագիտական գործընթացներին։

ՀՄԴ երիտասարդ առաջնորդների խմբի ներկայացուցիչ Սանգվու Կանգը (Sangwoo Kang) կարևորել է երիտասարդների ձայնը լսելի դարձնելու և մասնագիտության ապագայի ձևավորմանը նրանց մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը։

Միջազգային ստանդարտների զարգացման ապագան

«Նորարարություններին համընթաց. միջազգային ստանդարտների մշակման ապագան» խորագրով քննարկմանը մասնակցել են միջազգային ստանդարտներ մշակող խորհուրդների ղեկավարները։

Քննարկման առանցքում եղել են տեխնոլոգիական առաջընթացի և շուկաների փոփոխության պայմաններում միջազգային ստանդարտների արդիականության պահպանման, դրանց հետագա զարգացման և մասնագիտական հանրության նոր պահանջներին արձագանքելու հարցերը։

Քննարկումների նշանակությունը Հայաստանի մասնագիտական հանրության համար

Կոնգրեսի երկրորդ օրվա թեմաներն անմիջականորեն առնչվում են նաև Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի զարգացման առաջնահերթություններին։

Մասնավորապես, արհեստական բանականության կիրառումը, մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի արդիականացումը, երիտասարդ մասնագետների ներգրավումը և միջազգային ստանդարտների զարգացումներին համընթաց քայլելը կարևոր ուղղություններ են Պալատի հետագա գործունեության համար։

Կոնգրեսում ներկայացվող միջազգային փորձը կարող է օգտակար լինել Պալատի ռազմավարական ծրագրերի իրականացման և Հայաստանում աուդիտորական ու հաշվապահական մասնագիտությունների զարգացման նոր մոտեցումների ձևավորման համար։

Կոնգրեսը կավարտվի նոյեմբերի 19-ին։ Վերջին օրվա քննարկումները կանդրադառնան մասնավորապես աուդիտի որակին, կարգավորման նորարարական մոտեցումներին, ինստիտուցիոնալ զարգացմանը և կայունության վերաբերյալ տեղեկատվության բացահայտման միջազգային ստանդարտներին։