Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հաշվապահների համաշխարհային կոնգրես (WCOA 2026). Օր 3- Աուդիտի որակը, վստահությունը և Կոնգրեսի ամփոփումը

2026թ. նոյեմբերի 19-ին Սեուլում ավարտվել է Հաշվապահների համաշխարհային կոնգրեսը (WCOA 2026), որին մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։

Կոնգրեսի եզրափակիչ օրվա քննարկումների առանցքում էին աուդիտի որակի բարձրացումը, մասնագիտական և հանրային ինստիտուտների ամրապնդումը, ֆինանսական տեղեկատվության նկատմամբ վստահությունը և կայուն զարգացմանն ուղղված հաշվետվականությունը։

Աուդիտի որակ,  կարգավորման բարեփոխումներ. Կորեայի փորձը

Կորեայի հավաստագրված հանրային հաշվապահների ինստիտուտի (KICPA) նախագահ Վուն Յուլ Չոյը (Woon-Youl Choi) ներկայացրել է աուդիտորների անկախության ամրապնդմանն ուղղված կորեական փորձը՝ առանձնացնելով աուդիտորների պարբերական պետական նշանակման համակարգը։

Քննարկման կարևոր ուղերձներից էր աուդիտորական ծառայությունների շուկայում գնային մրցակցությունից դեպի աուդիտի որակի վրա հիմնված մրցակցություն անցնելու անհրաժեշտությունը։

Կորեայի փորձը մասնագիտական հետաքրքրություն է ներկայացնում նաև Հայաստանի համար՝ աուդիտորների անկախության, աուդիտի որակի վերահսկողության և մասնագիտական ծառայությունների շուկայի զարգացման տեսանկյունից։

Վստահությունը՝ ֆինանսական համակարգի կայունության հիմքում

«Հաջորդ տասնամյակի վստահության ենթակառուցվածքի ձևավորումը» խորագրով ելույթում PwC-ի գլոբալ փոխնախագահ Ուես Բրիքերը (Wes Bricker) անդրադարձել է կապիտալի շուկաներում վստահելի տեղեկատվության և արդյունավետ համակարգերի կարևորությանը։

Ընդգծվել է, որ վստահելի համակարգերն ամրապնդում են շուկայի մասնակիցների վստահությունը, նպաստում տեղեկատվության առավել արդյունավետ օգտագործմանը և ստեղծում նոր արժեք։

Ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության և դրա դիմակայունության հարցերին անդրադարձել են նաև Ֆինանսական կայունության խորհրդի (FSB) նախագահ և Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին (Andrew Bailey) և Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IOSCO) նախագահ Ժան-Պոլ Սերվեն (Jean-Paul Servais)։ Քննարկումը վարել է ՀՄԴ-ի գլխավոր գործադիր տնօրեն Լի Ուայթը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական փոփոխություններին, ոչ բանկային ֆինանսական միջնորդության ընդլայնմանը, կիբեռռիսկերին և արհեստական բանականության ազդեցությանը։ Հատկապես կարևորվել է մարդկային վերահսկողության, մասնագիտական պատասխանատվության և միջազգային համագործակցության դերը ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության պահպանման գործում։

Կայունության ստանդարտներ, մասնագիտական նոր մարտահրավերներ

Կոնգրեսի եզրափակիչ օրվա քննարկումներում անդրադարձ է կատարվել նաև կայունության վերաբերյալ տեղեկատվության բացահայտման միջազգային ստանդարտների կիրառմանը, հանրային ֆինանսների կառավարմանը և ֆինանսական որոշումների կայացման գործընթացներում նոր տեխնոլոգիաների օգտագործմանը։

Քննարկումները վերահաստատել են, որ հաշվապահական մասնագիտության դերն ընդլայնվում է՝ ավանդական ֆինանսական հաշվետվականության շրջանակներից դուրս ընդգրկելով նաև կայունության վերաբերյալ տեղեկատվության արժանահավատության ապահովումը, կառավարման թափանցիկության բարձրացումը և հանրային վստահության ամրապնդումը։

Կոնգրեսի արդյունքների նշանակությունը Հայաստանի համար

Կոնգրեսի եռօրյա քննարկումները ցույց են տվել, որ հաշվապահական և աուդիտորական մասնագիտությունների զարգացման հիմնական ուղղություններն են նոր տեխնոլոգիաների պատասխանատու կիրառումը, էթիկական սկզբունքների պահպանումը, աուդիտի որակի բարձրացումը, մասնագիտական կրթության արդիականացումը և միջազգային համագործակցության խորացումը։

Այս ուղղությունները համահունչ են Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի զարգացման առաջնահերթություններին։

Պալատի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում աուդիտի որակի ապահովման միջազգային փորձը, մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման նոր մոտեցումները, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։

Կոնգրեսի ընթացքում ստացված մասնագիտական տեղեկատվությունն ու ուսումնասիրված միջազգային փորձը կարող են օգտագործվել Պալատի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացման ընթացքում։

Միջազգային հանդիպումներ

Կոնգրեսի շրջանակում Պալատի նախագահը մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՄԴ-ի ղեկավարության, ինչպես նաև ՀՄԴ-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են միջազգային համագործակցության ընդլայնման, Պալատի ինստիտուցիոնալ զարգացման և ՀՄԴ-ին լիիրավ անդամակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Հաջորդ Համաշխարհային կոնգրեսը՝ 2028 թվականին

Կոնգրեսի ավարտին հայտարարվել է, որ Հաշվապահների հաջորդ համաշխարհային կոնգրեսը տեղի կունենա 2028 թվականին Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում։

Այն առաջին անգամ կանցկացվի Աֆրիկյան մայրցամաքում՝ շարունակելով աշխարհի տարբեր երկրների մասնագիտական կազմակերպությունների համագործակցության և փորձի փոխանակման ավանդույթը։